ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի կատաղի հակառակորդ Սամանտա Փաուերը  պատմել է, որ իր որդին քաղաքական անկախ դիրքորոշում ունի եւ ընտանեկան վեճերի ժամանակ սպառնում է հեռանալ Ռուսաստան, հայտնում է Dni.ru-ն:

«Ես ատում եմ քեզ, գնալու եմ Պուտինի մոտ՝ Ռուսաստան», ինձ հետ վիճելիս վախեցնում է նա», – պատմել է Փաուերը Վաշինգտոնում «Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» հետ զրույցում:

Ընդհանրապես, այն, որ երեխան ծնողներին սպառնում է տնից գնալով, հազվադեպ ձեւակերպում չէ: Բայց մշտական ներկայացուցչի որդու խոսքերը ցույց են տալիս, որ տղան հասկանում է աշխարհի փոխգործակցության հիմքերը եւ գիտի մոր ունեցած դիրքորոշումը:

«Ընդհանուր առմամբ նա  շատ նրբազգաց եւ տպավորվող երեխա է: Որպես մայր իմ խնդիրը երեխաներիս բացատրելն է՝ որն է լավ, որը՝ վատ», – ընդգծել է Փաուերը:

 ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հարցազրույցում պատմել է 2015թ. ծրագրերի մասին:  Այն է՝ «Իսլամական պետության», ինչպես նաեւ Էբոլայի տարածման դեմ պայքարի: Փաուերն իր գործունեության առանցքային տարր է համարում Ուկրաինայում Վաշինգտոնի շահերի պաշտպանությունը, մասնավորապես՝ երկրի արեւելքում: