1950 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում դեկտեմբերի 10-ը հռչակվեց Մարդու իրավունքների օր (Human Rights Day): Բոլոր պետություններին եւ շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվեց ճանաչել այդ օրը եւ համապատասխան միջոցառումներ անցկացնել:

Դեկտեմբերի 10-ն ընտրվել է 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված եւ հրապարակված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (Universal Declaration of Human Rights, UDHR) պատվին:

Ըստ Calend-ի, Հռչակագիրը՝ ընդունված Երկրորդ համաշխարհային պատերազմից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում խախտվել են հնարավոր բոլոր իրավունքները, այդ թվում՝ միլիոնավոր մարդկանց կյանքի իրավունքը, դարձավ մարդու իրավունքների մասին հիմնական դրույթները ձեւակերպած առաջին միջազգային փաստաթուղթը: Այն ներառում է քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային եւ տնտեսական իրավունքների լայն շրջանակ: