28-ամյա Հասմիկ Խաչատրյանին ծեծի և խոշտանգումների ենթարկելու համար մեղադրվող ամուսնու` Սարգիս Հակոբյանի դեմ այսօր` դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժածի փաստաբանը քաղհայց ներկայացրեց`ամբաստանյալից որպես փոխհատուցում պահանջելով 4մլն. դրամ:
Փաստաբան Տիգրան Աբրահամյանը նշեց, որ հանցագործությամբ առողջությանը պատճառված մարմնական վնասվածքները վերականգնելու նպատակով ծախսված գումարն իրենց գնահատմամբ կազմել է 1 մլն. դրամ, ինչի կապակցությամբ վերջինը որոշ բժշկական փաստաթղթեր ներկայացրեց դատարան: Քաղհայցով տուժած կողմը պահանջեց նաեւ 3 մլն. դրամ որպես հանցագործությամբ հասցված բարոյական վնասի փոխհատուցում:
Փաստաբանի խոսքով` քաղհայցը ներկայացվել է ոչ միայն նյութական փոխհատուցում պահանջելու նպատակով, այլեւ ամբաստանյալին համաներում շնորհելու հնարավորությունից զրկելու նկատառումով։
«Եթե կա քաղհայց, համաներում չի կարող կիրառվել: Բոլոր դեպքերում մենք ուզում ենք սրանով ցույց տալ, որ ունենք նաեւ գումարային պահանջ: Եթե դատարանը որոշի երկու-երեք տարի ազատազրկման դատապարտել ամբաստանյալին, այդ դեպքում կարող է նաեւ համաներում կիրառվել: Մենք անկախ ամեն ինչից պետք է քաղաքացիական հայցով դիմեինք, բայց այդ հարցն ավելի շուտ ենք բարձրացնում, որպեսզի խուսափենք համաներման կիրառումից: Եթե դրամային պահանջ կա ու չի բավարարվել, այդ հիմքով չի կարող համաներում կիրառվել»,- լրագրողներին ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ քաղհայցի առկայության դեպքում դատավարությունը նորից կվերսկսվի:
«Դատարանը դատավճիռ կայացնելիս կորոշի նաեւ քաղհայցը բավարարելու, մերժելու կամ առանց քննության թողնելու հարցը: Եթե 4 մլն-ը հատուցվի, կարող է նաեւ համաներում կիրառվել »,- ասաց փաստաբանը։
Մեղադրյալ Սարգիս Հակոբյանի փաստաբանը դատարանին ներկայացրեց ամուսինների երեխաների ծննդյան վկայականները, եւ որդու`իր պաշտպանյալի խնամակալության տակ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ՝ միջնորդելով, որ դատարանը դրանք որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկի վճիռ կայացնելիս:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 22-ին:
Նշենք, որ մեղադրող Վարդան Լազարյանը ամբաստանյալի համար 5 տարի ազատազրկում է պահանջել:
Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով, ըստ որի՝ նա, գտնվելով ամուսնական կապի մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել նրան՝ հասցնելով ծանր հոգեկան եւ մարմնական տառապանք:




























