Անցած հանգստյան օրերին Հայաստանի Կենտրոնական բանկը ստուգել է Հայաստանի տարադրամի փոխանակման կետերը: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, ամենուր իրավիճակը հանգիստ էր: Արտարժույթի առաջարկն ազատ է եղել: Ստուգվել են հիմնականում երեւանյան փոխանակման կետերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ից Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց խիստ սահմանափակ աճուրդային արժութային վաճառքի կիրառման մասին՝ արտարժույթի փոխարժեքը կայունացնելու համար: Ամենայն հավանականությամբ, նման իրավիճակ կլինի մինչեւ տարեվերջ: Առաջին շաբաթվա ընթացքում աճուրդի է հանվելու օրական 6-ական մլն դոլար:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը 16 դրամով կտրուկ նվազեց՝ հասնելով 433 դրամի: Դեկտեմբերի 9-ի դրությամբ, այն աճել է՝ հասնելով 455.08 դրամի, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի: Որոշ բանկերում առքի գինը հասնում է 445 դրամի, իսկ որոշ բանկերում դոլարի վաճառքի գինը գերազանցում է 460-ը: