Արժութային սպեկուլյացիաների համար կարող են պատժվել նույնիսկ բանկերի ղեկավարները: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ մեկնաբանելով վերջին շաբաթներին ազգային արժույթի անկումը:
Նա նշեց, որ ԿԲ-ն արդեն մի շարք խախտումներ է բացահայտել եւ տեղեկացրել այդ մասին: Խախտումներ իրականացնողներին մեկ շաբաթ ժամանակ է տրվել՝ բացատրելու համար, արդյո՞ք այդ արժույթը գնել են աշխատանքի համար, թե փորձել են շահույթ ստանալ փոխարժեքի տատանումներից: «Գիտեք, որ խախտումների դեպքում միջոցները խիստ են լինելու, նույնիսկ ձեզ համար անսպասելի»,- հայտարարեց Ջավադյանը:
Նա նաեւ հավելեց, որ տուգանքները բավական զգայուն են նույնիսկ շուկայի ոչ այնքան խոշոր մասնակիցների համար. տարադրամի փոխանակման կետերի համար դրանք կկազմեն մինչեւ 4 մլն դրամ (10 հազար դոլարից քիչ պակաս - խմբ.): Այստեղ արդեն 7-8 վարչական վարույթ է սկսվել:
Բանկերի պարագայում ԿԲ-ն ավելի ճկուն է լինելու, բայց եւ միջոցներն են ավելի խիստ լինելու, ընդհուպ մինչեւ բանկի ղեկավարին լիցենզիայից զրկում: «Հնարավոր է՝ նաեւ նման բան տեսնեք: Այլ աշխատակիցների, խախտումներ թույլ տալու դեպքում, նվազագույնն աշխատանքից ազատում կսպառնա: Լուրջ կլինեն նաեւ տուգանքները: Ուզում եմ, որ բոլորն իմանան. խախտումներ իրականացնողները խստագույնս պատժվելու են: Կրկնում եմ՝ խստագույնս»,- ընդգծեց Ջավադյանը:




























