Սոցցանցերում քաղաքական գուշակություններով հայտնի դարձած եւ իրական ինքնությունը թաքցնող Ֆուաթ Ավնի Մութլու ծածկանունով օգտատերը Twitter-ում գրել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կարկառուն անդամները պատրաստվում են «Մեծ կաշառք» գործողության միամյակին վրեժ լուծել գյուլենականներից։
Ֆուաթ Ավնի Մութլու կեղծանունով օգտատերը գրել է, թե դեկտեմբերի 17-ը մոտենալուն զուգահեռ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրակարգում է 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության կազմակերպիչներին եւ իրագործողների դեմ «հոբելյանական» պատասխան գործողություն կազմակերպելու հարցը։
Նշվում է, թե Արդարադատության նախարարին հրահանգ է տրվել դատական համակարգում դեռ մնացած գյուլենականների դեմ կադրային ջարդ իրականացնել, որի համար նախարարը Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի անդամների հետ գաղտնի հավաք է արել։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայի մի շարք վայրերում տեղի է ունեցել համաժամանակյա գործողություն, որը ստացել է «Մեծ կաշառք» անունը։ Գործողության ժամանակ ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել են նախարարների որդիներ, գործարարներ եւ պաշտոնյաներ։
«Մեծ կաշառք»-ից հետո իշխող կուսակցության 4 նախարարներ ստիպված են եղել հրաժարական տալ։




























