«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը մինչեւ 2015թ.-ի ապրիլի 15-ը կմնա տնային կալանքի տակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:

Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունեց քննիչի միջնորդությունը եւ 4 ամսով երկարաձգեց կալանքի ժամկետը: Նշենք, որ փաստաբանն իր հերթին միջնորդել էր գործը կարճել վաղեմության ժամկետի պատճառով:

Հիշեցնենք, որ դատական նիստին Հայրապետյանը չէր մասնակցում: Նա հոսպիտալացվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։