Իրանի մայրաքաղաքում մեկը մյուսի հետեւից փակվում են հայոց ազգային դպրոցները, մեկը՝ աշակերտ չունենալու պատճառով, մյուսը՝ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից առաջադրված «վերադասավորման» ծրագրի շրջանակներում:

Թեմական խորհրդի համոզմամբ արդեն վերջացած է «Ռոստոմ» աղջկական դպրոցի հարցը: Իսկ ո՞րն է փակվելու հաջորդը:

Իրանում հրատարակվող «Արաքս» պարբերականի փոխանցմամբ՝ Թեմական խորհուրդը «վերադասվորում», փակում է հայոց ազգային կառույցները եւ առաջին հերթին դպրոցները: Արդեն շշուկներ են տարածում աշակերտների թվի նոսրացման մասին: Այս անգամ հերթը «Ռոստոմ» տղաների դպրոցինն է: Թերթը նշում է, որ հակառակ նրան, որ մայրաքաղաքում բացի «Սողոմոնյան» դպրոցից այլ միջնակարգ դպրոց չկա, Թեմականը չի պատրաստվում հանդուրժել իր ազդեցության գոտուց դուրս գտնվող որեւէ հայկական դպրոցի: «Իսկ թե այս ընթացքով ո՞ւր է ուզում հասնել Թեմական խորհրդին ուղղություն տվող ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը առայժմ մնում է անհայտ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի փակվեց կաթոլիկներին պատկանող «Ալիշան» դպրոցը, որում իր բացասական դերը խաղաց նաեւ Թեմականը:

Հուսալի վիճակ չունի նաեւ Ավետարանական Եկեղեցուն պատկանող «Գոհար» տղաների ուղեցույց դպրոցը եւ հավանաբար նա էլ պիտի զոհվի «վերադասավորման» գործընթացում»,- գրում է թերթը: