Ռուսաստանից դրամական փոխանցումների դինամիկայում անորոշությունը, որը բնորոշ էր ընթացիկ տարվա առաջին ամիսներին, ներկայում փոխարինվել է միանշանակ եզրակացությամբ. անկումն ակնհայտ է: Նախ նշենք, որ «փոխանցումներ» ասելիս այս դեպքում նկատի ունենք Հայաստանի կոմերցիոն բանկերի միջոցով ոչ կոմերցիոն նշանակության արտաքին դրամական փոխանցումները ֆիզիկական անձանց:
Եվ այսպես, հունվար-հոկտեմբերին բոլոր երկրներից փոխանցումների ընդհանուր գումարը տարեկան կտրվածքով նվազել է 28.6 մլն դոլարով (կամ 1.9%-ով): Այդ «մինուսը» կապված է Ռուսաստանից փոխանցումների հոսքերի զգալի անկման հետ. այն կազմել է 57.2 մլն դոլար կամ 4.6%:
«Ռուսական» փոխանցումների անկումն այնքան հզոր է եղել, որ կրկնակի գերազանցել է այլ երկրների մասով արձանագրված որոշակի դրականը (փոխանցումների՝ գրեթե 28.6 մլն դոլարի հասնող աճը): Հիշեցնենք, որ Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների առյուծի բաժինը Ռուսաստանինն է: Նույնիսկ հոսքի կրճատման պայմաններում, «ռուսական» փոխանցումների մասնաբաժինը հունվար-հոկտեմբերին կազմել է ընդհանուր գումարի 83.6%-ը:
«Ռուսական» փոխանցումների դինամիկայի տեսանկյունից հոկտեմբերն ամենավատ ամիսն է եղել: Տարեկան կտրվածքով Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքի անկումը հասել է ռեկորդային 32.3 մլն դոլարի (կամ 9.0%-ի):
Արդյունքում, ռուսական փոխանցումներ ստացողները, անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ, մեկ հինգերորդ անգամ պակաս ստացան: Ընտանեկան բյուջեի համար վնասը փոքր չէ… Հավելենք, որ նույն ամսում որոշակիորեն կրճատվել են նաեւ այլ երկրներից փոխանցումները՝ 1.1 մլն դոլարով: Արդյունքում, փոխանցումների ընդհանուր անկումը հոկտեմբերին տարեկան կտրվածքով հասել է 33.4 մլն դոլարի:
Թերեւս, կարելի է կապ գտնել փոխանցումների դինամիկայի եւ Հայաստանում դոլարի փոխարժեքի միջեւ: Բայց խնդիրը փոխանցումներով չի սահմանափակվում, քանի որ արժութային շուկայում միջամտությունը, ընդամենը հիսուն միլիոն դոլարի չափով, կարող էր շտկել իրավիճակը: Սակայն դոլարը շարունակում էր ամրապնդվել, ինչը հանգեցրեց լայնածավալ արժութային սպեկուլյացիաների, այստեղից էլ՝ պատճառա-հետեւանքային կապերի փակ շրջանի ստեղծման:






























