Սաուդյան Արաբիայում ամուսնական զույգին 1500 մտրակի հարվածի եւ 15 տարվա ազատազրկման են դատապարտել, երբ վերջիններս մեղավոր են ճանաչվել իրենց մանկահասակ որդուն տանջելու մեջ, որը մահացել է, հայտնում է Al-Hayat-ը:

Ըստ բժիշկների տվյալի՝ երեխան մահացել է 2012 թ., երբ լուրջ վնասվել էր խոշտանգումների հետեւանքով: Երեխայի տարիքի մասին չի հաղորդվում: Հարեւանները փաստում են, որ հաճախ են լսել երեխայի լացի ձայնը երեկոյան 10-ից հետո, փոխանցում է Mignews-ը:

Սակայն ամբաստանյալներ Օմար Ջաբավին եւ Ռոլա Աբու Շալհուբը, հերքել են իրենց մեղավորությունը եւ պնդել, որ  որդին մի քանի անգամ ընկել է եւ փորձել կախվել՝ մուլտֆիլմի հերոսին նմանակելով:

Դատարանը ցմահ ազատազրկման  վճիռ չի կայացնի, քանի որ բավարար ապացույցներ չկան:

Երեխայի կենսաբանական մայրն ասել է, որ  տղան հոր մոտ էր տեղափոխվել մահվանից  մի քանի ամիս առաջ, եւ ինքը երեխային միայն երկու անգամ է տեսել: «Իմ նախկին ամուսինը եւ նրա երկրորդ կինը տանջել են երեխայիս եւ թույլ չեն տվել տեսակցել ինձ հետ»: