Ժան-Կլոդ Յունկերի գլխավորությամբ եվրահանձնակատարները դեկտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում երդվել են ԵՄ Դատարանի առջեւ:
Նոր Եվրահանձնաժողովի գրեթե բոլոր անդամները, ովքեր աշխատանքի են անցել նոյեմբերի 1-ին, հանդիսավոր արարողությունը Բրյուսելից ավտոբուսով են ժամանել: Զբաղվածության հարցերի եվրահանձնակատար Մարիան Թայսենն ու Ժան-Կլոդ Յունկերը դատարանի շենքին ավտոմեքենայով են մոտեցել:
Եվրահանձնաժողովի բոլոր անդամներն իրենց մայրենի լեզուներով հաստատել են, որ հետեւելու են պայմանագրերի եւ հիմնարար իրավունքների մասին 2000 թվականի դեկտեմբերի 7-ի ԵՄ Խարտիայի կատարմանը, իրենց պարտականությունները կատարելու են ամբողջությամբ անկախ եւ Միության ընդհանուր շահերից ելնելով: Եվրահանձնակատարները նաեւ խոստացել են չկատարել ցանկացած այլ իշխանությունների հանձնարարությունը եւ խուսափել գործողություններից, որոնք չեն համապատասխանի իրենց պարտականություններին եւ խնդիրներին:
Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը Twitter-ում գրել է, որ երդման օրը խորհրդանշական է, քանի որ այն համընկել է Մարդու իրավունքների օրվա հետ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Եվրահանձնաժողովն իր իրավասությունները հաստատել է հարկային սկանդալից հետո, որը կապված էր Լյուքսեմբուրգի բանկերի միջոցով միջազգային կազմակերպությունների՝ հարկերից խուսափելու հետ: Այդ երկրի կառավարությունը 1995-2013 թվականներին ղեկավարում էր Յունկերը: Այդ պատճառով քննադատները անվստահություն էին հայտնել հանձնաժողովին՝ հարցը դնելով քվեարկության, սակայն Եվրախորհրդարանի լիագումար նիստում նորից աջակցեցին ԵՀ-ին: Ընդ որում, երդման արարողությունից մեկ օր առաջ կոռուպցիոն սխեմաներով նոր մերկացումներ էին հրապարակվել:




























