Դանիացի եւ ֆրանսիացի հնագետները ենթադրում են, որ դեռեւս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում Եգիպտոսն ու Սկանդինավիան կապված են եղել առեւտրային ուղիներով: Նրանք պարզել են, որ բրոնզե դարի դանիացի կնոջ գերեզմանում գտնված ապակե ուլունքները պատրաստված են եղել Թութանհամոն փարավոնի պալատական վարպետների կողմից: Հին Եգիպտոսին բնորոշ կապույտ ապակին առաջին անգամ է հայտնաբերվում Միջերկրական ծովի սահմաններից այն կողմ: Իրենց բացահայտումը հնագետները ներկայացրել են SKALK ամսագրում:
Հնագետներն ուսումնասիրել են դանիական 22 ուլունքների քիմիական կազմը: Կոպենհագենից դեպի հարավ գտնվող Օլբի շրջանում հարուստ կնոջ գերեզմանում հայտնաբերված առաջին իսկ ուլունքը եգիպտական է եղել՝ կապույտ գույնի ապակուց:
Հոդվածի հեղինակները հիպոթեզ են առաջադրել Եգիպտոս բալթյան սաթի արտահանման (այն հայտնաբերվել է Թութանհամոնի եւ փարավոնների գերեզմաններում) եւ ապակե ուլունքների ներմուծման միջեւ մշակութային հնարավոր կապի մասին: Ապակե եւ սաթե ուլունքներ հաճախ են միասին հայտնաբերում (Գերմանիայում, Հունաստանում, Թուրքիայում եւ Իտալիայում պեղումների ժամանակ):




























