Ադրբեջանի սուլթանը փաստերը կեղծելու եւ սուտը ճշտի տեղ անցկացնելու իր ունակությամբ շուտով աշխարհում նոր նոմինացիա կսահմանի հեքիաթասացության բնագավառում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը:
Նշենք, որ Իլհամ Ալիեւը նշել էր, որ եթե Ադրբեջանը տեսնի, որ խաղաղ կարգավորումը սպառել է իրեն, այլեւս ոչ մի հույս չկա, կդիմի խնդրի լուծման ռազմական տարբերակին։ Ալիեւը խոսել էր նաեւ միջնորդների առաջարկած հակամարտության կարգավորման սկզբունքների մասին եւ նկատել, որ հինգ տարում Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջանները, իսկ այդ տարածքներում խաղաղարար ուժեր են ետղակայվելու:
«Միայն թե Ալիեւ սուլթանի հեքիաթները ոչ մեկին պետք չեն. դրանք անփառունակ են, ինչպես իր նախորդների հայտարարությունները: Ինքն իր հետ բանակցած Ալիեւ փոքրիկը չի ցանկանում ի վերջո հասկանալ, որ ԼՂ-ի կարգավորման շուրջ համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներում հստակ նշված է, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»,- մանրամասնել է Շարմազանովը եւ հավելել. «Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա սուտն առավել քան բացահայտ է դառնում, երբ նա նշում է, որ հայերը Արցախ են եկել 19-րդ դարասկզբին:
Չցանկանալով հղում անել ոչ միայն հայ, այլ նաեւ աշխարհահռչակ օտարազգի պատմիչներին, ձախողված եւ անգրագետ դիվանագետին ընդամենը խորհուրդ կտայի Հռոմ այցելելիս նեղություն կրել եւ դիտել Ֆորումի պատին քանդակված հին աշխարհի քարտեզը, որտեղ «Արմենիա» երկրի սահմաններում նշված է նաեւ պատմական Արցախը»:
Շարմազանովը «հեքիաթասացին» հիշեցրել է, որ «իր հայրենի Ադրբեջանը որպես պետություն ձեւավորվել է դրանից մոտ 2 հազարամյակ անց»: «Այս ամենից հետո կարիք չկա լուրջ ընդունել կամ որեւէ կերպ հակադարձել Ալիեւին»,- ամփոփել է Շարմազանովը:




























