Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունն ու Հնդկական «ԷՍՍԱՌ»-ը նախնական պայմանագիր են ստորագրել Հնդկաստանին 10 տարվա ընթացքում տարեկան 10 մլն տոննա նավթ մատակարարելու մասին, լրագրողներին հայտնել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը:

Նա հստակեցրել է, որ նավթը կառաքվի ծովային ճանապարհով: Սեչինը պայմանագիրն անվանել է «էներգակամուրջ՝ Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ»:

Ըստ Սեչինի՝ «Հեռավորարեւելյան ՀԲԳ»-ի (Սախալին) բաժնետերերը համաձայնեցրել են նախագծում հնդկական ONGC-ի մասնակցությունը:

ՏԱՍՍ-ը ավելի վաղ հայտնել էր, որ «Ռոսնեֆտ»-ն ու ամերիկյան Exxon-ը Սախալինում նախատեսում են հեղուկ բնական գազի  գործարան կառուցել: Հեղուկացման համար մտադիր են գործածել «Սախալին 1» ծրագրի գազը:

Հնդկական ONGC-ը «Սախալին 1» կոնսորցիումի անդամ է, որտեղ բաժնեմասերը բաշխված են հետեւյալ կերպ՝ ExxonMobil (30%), ճապոնական Sodeco (30%), «Ռոսնեֆտ» (20%) եւ ONGC (20%):