Ոչ մի նույնիսկ նշանակալի նախագիծ չի ազդի Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի դիրքորոշման վրա: Այս մասին ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոն՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ է հավանական «Գազպրոմ»-ի կողմից Տրանսանատոլիական գազատարի օգտագործումը (TANAP – Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա) ռուսական գազը Հարավային Եվրոպա հասցնելու համար, եւ այդ գործոնը չի՞ փոխի Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում:

Փորձագետի կարծիքով՝ այդ նախագծի իրականացման հավանականությունն ինքը չի կարող գնահատել, քանի որ այդ ոլորտի մասնագետ չէ: «Բայց կարող եմ միանշանակ հայտարարել, որ ոչ մի նշանակալի նախագիծ չի ազդի ԼՂ հարցում Ռուսաստանի դիրքորոշման վրա մի պարզ պատճառով՝ Հարավային Կովկասը եւ Հյուսիսային Կովկասը անվտանգության շփման անոթներն են»,-ընդգծել է Տիշչենկոն:

Հիշեցնենք, որ Ազգային էներգետիկ անվտանգության ռուսական հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը հայտարարել է, որ Տրանսանատոլիական գազատարը (TANAP – Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա) կարող է օգտագործվել ռուսական «Գազպրոմի» կողմից ռոսւական գազը Եվրոպա հասցնելու համար, որը նախատեսվում էր Եվրոպա տեղափոխել «Հարավային Հոսքով»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է «Հարավային հոսք» նախագծին իր մասնակցությունից: