Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին եւ հաջողություն մաղթելով նրան` իր առաքելության իրականացման ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Ալլաուան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ առավել զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար` Ալժիրի դեսպանը նշել է, որ Ալժիրում բարձր են գնահատում հայ ժողովրդի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց առավել ընդլայնմամբ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է արվել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին։