Թուրք պաշտոնյաներն ավելի լավ կանեն` սերտեն իրենց դասերն ու իրականացնեն իրենց վրա դրված միջազգային պարտավորությունները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Կարսում Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս կոչ էր արել Հայաստանին կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ:

«Իրենք պետք է դադարեն վերջնագրերով խոսել, իրենք է պետք կատարեն եւ վավերացնեն իրենց վրա դրված պարտավորությունները: Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ վարքագիծ է դարձել մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն իրենց ուսերին է: Եթե նրանք դասեր տալու կարիք ունեն, թող իրենց շուրջը նայեն եւ տեսնեն, որ իրենք են շրջափակման մեջ պահում Հայաստանը, իրենք են օկուպացված պահում Կիպրոսի 37%-ը»,- ասաց Շարմազանովը: