ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնի այցը Հայաստան խորհրդանշական ուղեւորություն էր, ոչ ավելին, քան մասնավոր այց։ Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկաս ընդհանրապես, եւ Հայաստան՝ մասնավորապես, կատարած այցի մասին։
Նրա համոզմամբ, Քլինթոնի այցը տարածաշրջան փորձ էր՝ չեզոքացնելու Միացյալ Նահանգներում շրջանառվող այն տեսակետը, թե ԱՄՆ հետաքրքրություններ չունի Հարավային Կովկասում։ «ԱՄՆ պետքարտուղարը փորձեց ապացուցել, որ իր երկրի հետաքրքությունը մեր տարածաշրջանի հանդեպ զրոյական մակարդակի չէ, եւ որ իր այցը Հարավային Կովկաս խորը ենթատեքստ ունի»,- նկատեց Խաչատրյանը՝ համոզմունք հայտնելով, որ Քլինթոնի այցով պարզորոշություն մտցվեց մեր տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի նկրտումների մեջ։
Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան էր ժամանել հուլիսի 4-ին։ Դրանից առաջ նա եղել էր Ադրբեջանում։ ԱՄՆ պաշտոնյայի այցը Հարավային Կովկաս ավարտվել է Վրաստանում։



























