Ադրբեջանի իշխանությունները բժիշկներին չեն թողնում քաղբանտարկյալ, իրավապաշտպան Լեյլա Յունուսի մոտ: Ընդ որում, պաշտոնական վարկածով՝ «նա ինքն է հրաժարվում բժիշկների օգնությունից»:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ արդարադատության նախարարությանը կից հասարակական կոմիտեն եւ Մարդու իրավունքների հարցերով կազմակերպության համատեղ աշխատանքային խմբի ներկայացուցիչները այցելել են Խաղաղության եւ Ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին: Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության ազգային կոմիտեի նախագահ Սեադետ Բանենյարլըի խոսքով՝ խմբի անդամները հանդես են եկել Լեյլա Յունուսին բժշկական հետազոտության ենթարկելու նախաձեռնությամբ: Այս առիթով բժիշկների խումբը ուղեւորվել է Բաքվի քննչական մեկուսարան, սակայն Յունսուսը թույլ չի տվել հետազոտություն իրականացնել: Մեկուսարանի բժիշկները հաղորդել են, որ Յունուսը նոյեմբերի 21-ից հրաժարվում է բժշկական հետազոտությունից:
Նշենք, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) եւ 213 (հարկերից խուսափում) հոդվածներով: Նրա ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով:
Ներկայումս Լեյլա Յունուսը գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Իրավապաշտպանը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:




























