Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիախը մի քանի օրվա ընթացքում երկու անգամ սեփական ռեակտիվ ինքնաթիռով ժամանել է Կորեական թերակղզու հարավ:
Երեքշաբթի նա հարավկորեական նախագահ Պակ Կին Հեի հետ հանդիպման համար Բորնեո կղզուց Սեուլ է ժամանել որպես օդանավի հրամանատար: Այնուհետեւ վերադարձել է իր երկիր եւ հինգշաբթի Բանդեր-Սերի-Բեգավանից Պուսան է ժամանել՝ մասնակցելու Կորեայի Հանրապետություն-Հարավ-արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովին:
Սուլթանության միանձնյա ղեկավարը, ով ժամանակին կապիտանի աստիճանով ավարտել է Սանդհյորսթի բրիտանական Թագավորական զինվորական ակադեմիան, օգտվել է առիթից եւ թռիչքային ժամեր կուտակել՝ օդաչուի արտոնագրից չզրկվելու համար:
46 տարի շարունակ Բրունեյը կառավարող սուլթանը, որի կարողությունը գնահատվում է 22 մլրդ դոլար, համարվում է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հարավային Կորեա այցերի ժամանակ սուլթանին ուղեկցել են նրա 12 երեխաները:
Գագաթաժողովի ընթացքում նրանց համար 119 սենյակ են վարձակալել Հարավային Կորեայի հենդե լողափին գտնվող լավագույն հյուրանոցներից մեկում: Իսկ միապետը գիշերել է օրական 10 մլն վոն (9 հազար դոլար) արժողությամբ հսկայական լյուքս-համարում:



























