Allergan ընկերությունը, որը բոտոքսի եւ ոչ պակաս հայտնի Juvederm դեմքի լցանյութի առաջատար արտադրողն է ԱՄՆ-ում, հետաքրքիր գիտափորձ է անցկացրել: Դրա շրջանակում ընկերության մասնագետները հարցում են անցկացրել տարբեր տարիքի 2000 կանանց շրջանում՝ նպատակ ունենալով պարզել նրանց տեսակետը ոչ միայն ծերացման, այլեւ երիտասարդացնող տարբեր գործողությունների շուրջ:
Ընկերության աշխատակիցները լուսանկարել են 50 տարեկան 5 կանանց, ինչից հետո լուսանկարները շտկել են երկու տարբերակով: Առաջինում 100 տոկոսով վերացրել են կնճիռներն ու դեմքի այլ թերությունները, երկրորդում թերությունները հեռացրել են ավելի նրբորեն՝ ոչ ամբողջությամբ:
Ըստ Informing-ի, դրանից հետո լուսանկարները ցուցադրել են բացառապես կանանցից կազմված ժյուրիին: Արդյունքում, ժյուրիի անդամների մեծ մասն ընտրել է լուսանկարների երկրորդ տարբերակը, որոնցում կնճիռները գրեթե ամբողջությամբ պահպանվել են: Իսկ առաջին տարբերակը նրանց անբնական է թվացել: Հարցմանը մասնակցած կանանց կեսից ավելին հայտարարել է, որ կնճիռներով դեմքն ավելի բնական եւ գեղեցիկ է:
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց ավելի քան 70%-ը նախընտրում է երիտասարդացման եւ կոսմետոլոգիական գործողությունների ոչ ռադիկալ մեթոդները, իսկ հարցմանը մասնակցած կանանց 65%-ը համոզմունք է հայտնել, որ տարիքի համեմատ այնքան էլ վատ տեսք չունեն:



























