Թուրքիայում գյուլենական Zaman պարբերականի եւ Samanyolu հեռուստաընկերության խմբագիրների եւ մի շարք աշխատակիցների դեմ ոստիկանության գործողությունները մեծ արձագանք են գտել թե Թուրքիայում, թե աշխարհում։

Թուրքիայում դեկտեմբերի 14-ին իրականացված խմբագիրների եւ լրագրողների ձերբակալությունների լուրը արձագանք է գտել եվրոպական եւ ամերիկյան հայտնի լրատվամիջոցներում։ Այս իրադարձությանը շտապ արձագանքել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին՝ շեշտելով, որ ոստիկանության գործողություններն ուղղված են թուրքական կառավարությանը քննադատած լրատվամիջոցներին։ Նա նշել է, թե մամուլի ազատությունը, դատական համակարգի անկախությունը ժողովրդավարության համար ծայրահեղ կարեւոր հանգամանք են եւ Թուրքիայի Սահմանադրության մեջ դրանք որպես սրբություն են ընդունվում։

Թուրքիայում լրագրողների ձերբակալություններին արձագանքել են նաեւ Եվրամիության պաշտոնյաները։ Եվրամիության հանձնակատարներիվ Մոգհերնը եւ Հահնը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվել է, որ Թուրքիայում տեղի ունեցածը հակասում է եվրոպական արժեքներին։

Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցողը եւս արձագանքել է՝ շեշտելով, որ ինքը շոկի մեջ է ընկել՝ տեղեկանալով Թուրքիայում լրագորղների դեմ իրականացվող ձերբակալություններից։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Թուրքիայում ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Zaman պարբերականի եւ Samanyolu հեռուստաընկերության աշխատակիցների դեմ՝ ձերբակալելով Zaman-ի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին, Samanyolu-ի գլխավոր խմբագիր Հիդայեթ Քարաջան եւ այք՝ թվով 27 հոգի։