ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս շաբաթավերջին կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը: Ըստ Reuters-ի, այս մասին դեկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:

Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է Ուկրաինայում լարվածության թուլացման ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած կառուցողական քայլերը: Նրա խոսքով, այս հարցում Մոսկվայի որոշումներից են կախված Վաշինգտոնի հետագա գործողությունները: Քերրին նշել է, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան պատրաստ են մեղմացնել Կրեմլի դեմ պատժամիջոցները, եթե Պուտինը լրացուցիչ քայլեր ձեռնարկի Ուկրաինայի արեւելքում իրավիճակը մեղմացնելու ուղղությամբ:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին Բարաք Օբամային իրավունք է շնորհել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի, ինչպես նաեւ ռուսական կառավարության կողմից վերահսկվող ընկերությունների դեմ: Այդ օրինագիծը, որը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից, նաեւ ընդլայնում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը, որի շրջանակում 2015 թվականին կարող է 350 մլն դոլար հատկացվել: