Ներմուծվող ապրանքները Հայաստանում ոչ միշտ են ճիշտ մաքսազերծվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Թեթեւ արդյունաբերողների գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը:

Նրա խոսքով, հագուստի եւ կոշիկի հայկական շուկան գնահատվում է տարեկան շուրջ 280 մլն դոլար: Տեղական արտադրողները ծածկում են դրա միայն 8%-ը, իսկ մնացած 92%-ը ոչ միշտ է օրինական ճանապարհով ներմուծվում Հայաստան:

«Ես չեմ խոսում մաքսանենգության մասին: Հնարավոր է՝ դա նույնպես առկա է, բայց հաստատել չեմ կարող: Սակայն ճիշտ մաքսազերծման հարց հաստատ գոյություն ունի: Թանկ ապրանքը գրանցվում է որպես ավելի էժան արտադրանք՝ ավելի ցածր գներով մաքսազերծելու համար»,- հայտարարեց Պողոսյանը՝ հավելելով, որ դա նվազեցնում է տեղական համարժեք արտադրանքի մրցունակությունը: