«Եղվարդի սպորտային կոշիկների ֆաբրիկան» մտածում է Adidas-ի հետ բանակցություններ վարելու մասին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ֆաբրիկայի տնօրեն Միշա Ուլիխանյանը: Նրա խոսքով, ընկերությունը կոնցեռնի հետ կարող է բանակցություններ սկսել 2015 թվականի հունվարի 1-ից, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո:

Նա հիշեցրեց, որ ֆաբրիկան նախկինում նույնպես Adidas մարզակոշիկներ էր արտադրում, ընդ որում՝ միանգամայն օրինական ճանապարհով: «Մենք արտոնագիր էինք ստանում սահմանափակ խմբաքանակների համար, վճարում էինք բրենդի համար եւ ընդունում որակը ստուգող ընկերության մասնագետներին: Ամերիկացիների հետ ուղղակիորեն գործ ունենալը մեզ համար նորություն չէ: Մենք բրենդային կոշիկներ էինք ուղարկում նաեւ Լոս Անջելես»,- նշեց Ուլիխանյանը:

Հիշեցնենք, որ Եղվարդի ֆաբրիկան ԽՍՀՄ-ում այն ձեռնարկություններից էր, որտեղ Adidas-ից տրված միութենական արտոնագրով բրենդային մարզակոշիկներ էին արտադրվում: Միության փլուզումից հետո արտոնագիրը չեղյալ համարվեց: «Մենք, հավանաբար, կդիմենք նոր արտոնագրի համար եւ կդառնանք ԵՏՄ-ում առաջինը, որը նորից կանոնավոր կերպով կթողարկի այդ բրենդը: Չգուշակենք: Բայց առանց դրա էլ չենք կորչի: Մենք արդեն մեր սեփական՝ «Եղվարդ» ապրանքանիշն ունենք, որը հայտնի է Հայաստանում, իսկ վերջերս՝ նաեւ Ռուսաստանում»,- հավելեց Ուլիխանյանը: