«Թուրքիա-Հայաստան երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ» անվան ներքո միավորված երաժիշտները՝ Նվարդ Անդրեասյանի եւ Ջեմ Մանսուրի ղեկավարությամբ, հուլիսի 16-ի երեկոյան Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռեյ համերգասրահում հատուկ համերգային ծրագրով են հանդես գալու։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի մշակույթի եւ արվեստի հիմնադրամի եւ Բողազիջի համալսարանի հետ համատեղ կազմակերպվելիք համերգին հնչելու են Բեթհովենի, Արամ Խաչատրյանի եւ այլ հայտնի դասականների գործերը։ Համերգի մենակատարներն են լինելու Հանդե Քյուդուն եւ Տիգրան Հարությունյանը։
18-23 տարեկան հայ եւ թուրք երիտասարդներից կազմված 65 հոգանոց երաժշտախումբը հուլիսի 5-ից սկսել է նախապատրաստվել ուսանողների համար տրվող համերգներով, որոնց մուտքն ազատ է։ Իսկ Ստամբուլի համերգից հետո նախատեսված է աշնանը նմանատիպ համերգ կազմակերպել նաեւ Հայաստանում։
Նշենք, որ հուլիսի 16-ի համերգի տոմսերը հայկական դրամով արտահայտված ունեն հետեւյալ արժեքը՝ 7500, 5000 եւ 3500 դրամ։




























