Թուրքիայում տարիներ առաջ ճնշումների հետեւանքով մուսուլման դարձած ազգությամբ հայ 84-ամյա Ֆերման Գեզի մահանալուց հետո թաղման հետ կապված զարմանալի իրադարձություններ են տեղի ունեցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի շրջանում ծնված Ֆերման Գեզը դեռեւս 14 տարեկան հասակում ճնշումների ներքո մուսուլման է դարձել, իսկ տարիներ անց ամուսնացել կրկին մուսուլման դարձած մեկ այլ հայի՝ Ֆերզիյե Գեզի հետ։ Սակայն Ֆերզիյե Գեզը հետագայում կրկին վերադարձել է քրիստոնեությանը։
Զույգն ունեցել է 11 երեխա, որոնցից 4-ն ընտրել են քրիստոնեությունը, 7-ը՝ մուսուլման են դարձել։
Ֆերման Գեզի մահվանից հետո քրիստոնյա երեխաները պնդել են, որ հայրը պետք է եկեղեցական արարողակարգով թաղվի, իսկ մահմեդական երեխաները շեշտել են, թե իրենց հայրն ամբողջ կյանքը մահմեդական ավանդույթներով է ապրել եւ պետք է հոգեհանգիստը կազմակերպել մզկիթում։
Երեխաների միջեւ վեճը հասնում է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանին, ով իր հերթին դիմել է Թուրքիայի կրոնի գործերով գլխավոր վարչություն եւ ստացել պատասխան, թե հանգուցյալի կինը ինչպես ցանկանա, այդ արարողակարգով էլ պետք է թաղվի Ֆերման Գեզը։
Կինն էլ ցանկացել է, որ ամուսնու հոգեհանգիստը եկեղեցում տեղի ունենա, ինչը եւ տեղի է ունեցել։ Չնայած իրենց մոր պահանջին, մուսուլման երեխաները ցանկացել են հոր դին բռնի ուժով դուրս բերել եկեղեցուց եւ տանել մզկիթ։
Անցանկալի միջադեպերից խուսափելու համար եկեղեցի են մեկնել ոստիկաններ, ովքեր ապահովել են անվտանգությունը մինչեւ թաղման ավարտը։



























