NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լոնդոնյան «CNNMoney»-ի բիզնես-լրագրող Վիրջինիա Հարիսոնի՝ «CNN»-ում հրապարակված հոդվածը:

Ռուսաստանի տնտեսության կործանման դեպքում ոչ ոք չի շահի: Այդ երկրի առեւտրային գործընկերները՝ երկրներ եւ ընկերություններ, անհանգստությամբ հետեւում են, թե ինչպես է Ռուսաստանն ամբողջ ուժերով պայքարում խորացող տնտեսական ճգնաժամի դեմ, որը պայմանավորված է նավթի գների անկմամբ եւ միջազգային պատժամիջոցներով: Ռուբլին հայտնվեց ազատ անկման մեջ եւ արդեն հարվածեց Ռուսաստանում գործող միջազգային ընկերությունների եկամուտին:

Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, ամենախոցելին է: Անցյալ տարի Ռուսաստանի հետ Գերմանիայի առեւտրային հարաբերությունները հասել են ավելի քան 76 մլրդ եվրոյի (95.4 մլրդ դոլար): Ուկրաինական ճգնաժամի հետ կապված Արեւմուտքի կոշտ տնտեսական պատժամիջոցներն իրենց գործն արդեն արել են արտահանման ոլորտում, եւ ընկերություններն արգելակել են ներդրումները: Անցյալ ամիս Գերմանիան հայտարարեց, որ «աշխարհաքաղաքական ճգնաժամերը» նպաստեցին այս եւ հաջորդ տարվա աճի կանխատեսումների կտրուկ նվազեցմանը: Գերմանիայում խնդիրները վատագույնն են եվրոգոտու համար. արժութային բլոկը զգալիորեն կախված է տնտեսական ծանր քաշայինից:

Ռուսաստանը բազմաթիվ ապրանքներ է գնում նաեւ եվրոպական այլ երկրներից: Մոսկվան օգոստոսին պատասխան միջոցներ ձեռնարկեց արեւմտյան պատժամիջոցների դեմ՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Կանադայից մրգերի, բանջարեղենի, մսի, ձկնեղենի, կաթի եւ կաթնամթերքի ներմուծման արգելքի ճանապարհով: Դա տհաճ անակնկալ էր եվրոպական արտադրողների համար:

Անկում ապրող ռուբլին կրճատեց Ռուսաստանում գործունեություն ծավալող էներգետիկ ընկերությունների եկամուտի մասնաբաժինը: «ВР»-ն նախազգուշացրեց, որ պատժամիջոցները հարված են հասցնելու: Այն «Ռոսնավթ»-ի բաժնետոմսերի խոշոր փաթեթ ունի, որն ԱՄՆ-ի առեւտրային սահմանափակումների ներքո է: Ընկերության բաժնետոմսերն այս տարի ընկան 25%-ով, իսկ նավթի նվազող գները հարված հասցրեցին եկամուտին:

Ամերիկյան «Ֆորդ» ավտոհսկան՝ Ռուսաստանում ամենախոշոր ավտոարտադրողներից մեկը, զգուշացրեց, որ ռուբլու թուլացումը հարվածում է վաճառքին: Ֆրանսիական «Renault»-ն նույնպես տեղեկացրեց, որ Ռուսաստանում վաճառքը տուժում է, իսկ «Peugeot Citroen»-ը դեռեւս հոկտեմբերին զգուշացրեց, որ անկում ապրող ռուբլին վնասում է ընկերությանը:

Ինչ վերաբերում է բանկերին, ապա երկրորդ եռամսյակում «Societé Generale»-ի՝ ռուսական մասնաճյուղից եկամուտն ընկել է 36%-ով: Մյուս բանկերը, որոնք զգալի ազդեցության են ենթարկվում, հոլանդական «Rabobank»-ն ու իտալական «Unicredit»-ն են:

Սպորտային հագուստի գերմանական «Adidas» ընկերությունը Ռուսաստանում փակում է խանութներն ու դադարեցնում ընդլայնման գործընթացները: Տուժել Է նաեւ «Coca-Cola»-ն: «Coca-Cola HBC»-ի բաժնետոմսերը, որը Ռուսաստանում շշալցում եւ ըմպելիքի տարածում է իրականացնում, այս տարի 32%-ի անկում գրանցեցին: