Գերմանացի Վոլֆգանգ Ռիկմանն առաջին անգամ Հայաստան է եկել 1989թ.-ին` ընկերների հետ նկարահանելու ֆիլմ Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին: Այսօր արդեն Ռիկմանը կյանքն առանց Հայաստանի չի պատկերացնում, ավելին` տարվա մեծ մասն անցկացնում է Երեւանում` իրեն համարելով «105 տոկոսով հայ»:

«Հայ ընկերներ ունեի Գերմանիայում, առաջարկեցին գալ Հայաստան եւ ֆիլմ նկարահանել, ես էլ համաձայնվեցի: Եկանք, նկարահանեցինք ֆիլմը եւ վերադարձա հետ Քյոլն: Դրանից հետո 25 տարի է արդեն` տարվա մեջ մի քանի անգամ գալիս եմ Հայաստան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Վոլֆգանգ Ռիկմանը մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է հատուկ կարիք ունեցող երեխաների հետ, իսկ այսօր արդեն թոշակառու է, զբաղվում է սիրողական ֆոտոլրագրությամբ: Ռիկմանի համար հայերը գերմանացիներից շատ ավելի լավն են, ավելի ընկերասեր, ավելի օգնող:

«Ուտելիքներից միայն խաշը չեմ սիրում, իսկ ընդհանրապես ամենաչսիրածս բանն այն է, որ հայերը երկու շաբաթ Ամանոր են նշում: Անկեղծ զարմանում եմ, թե ոնց են կարողանում ուղիղ 14 օր ուտել ու ուտել: Ուր գնում ես, քեզ հյուրասիրում են, ստիպում ինչ-որ բան ուտել եւ արդյունքը` գիրանում ես: Երկու տարի առաջ Երեւանում եմ նշել Նոր տարին, հինգ կիլոգրամով գիրացել էի»,- ծիծաղելով նշեց գերմանացին:

Նրա պատմելով` Գերմանիայում մարդիկ նշում են միայն Սուրբ Ծնունդը, այն էլ ընդամենը 1.5 օր: Դեկտեմբերի 24-ին մինչեւ երեկո գերմանացիներն աշխատում են, իսկ Սուրբ Ծննդյան տոնակատարությունը սկսվում է ուշ երեկոյան: Այդ օրը գերմանացիները նվերներ են պատրաստում երեխաների համար` ծախսելով նույնիսկ իրենց վերջին խնայողությունները: Գիշերը մարդիկ սովորության համաձայն եկեղեցի են այցելում, մասնակցում պատարագին, իսկ հաջորդ օրն արդեն տոնական սեղանների շուրջ նշում Սուրբ Ծնունդը: Ռիկմանը վստահեցրեց, որ այնուամենայնիվ, գերմանացիների սեղաններն այնքան ճոխ չեն լինում, ինչքան որ հայերինն է: «Գերմանացիներն ուղղակի առանց աշխատանքի չեն կարող ապրել: Դեկտեմբերի 26-ին արդեն մարդիկ գնում են աշխատանքի: Այսինքն մեզ մոտ տոները տեւում են 1.5 օր, իսկ Հայաստանում դեկտեմբերի 31-ին սկսվում են տոները եւ ավարտվում են միայն հունվարի 13-ին: Հայաստանի նման երկրում, որտեղ մարդկանց հիսուն տոկոսը գործազուրկ է, երկշաբաթյա արձակուրդն ավելորդ է եւ վնասում է նրանց: Բացի դրանից` ես միայն Հայաստանում եմ իմացել, որ կարելի է վարկ վերցնել եւ Նոր տարի նշել: Զարմանալի է, որ մարդիկ ճոխ սեղաններ են գցում պարտքով, իսկ հետո ամբողջ տարին վարկ փակում»,- ավելացրեց Ռիկմանը:

Չնայած հայկական եւ գերմանական Ամանորների տարբերությանը, այս տարի ստիպված էր Ռիկմանը Երեւանում դիմավորել Նոր տարին, սակայն այցելել է միայն ամենամտերիմ մարդկանց: