Լոս Անջելեսում ոստիկանության եւ ՀԴԲ-ի քննիչները 10 մլն դոլարի ընդհանուր արժեքով  նկարներ են գտել, որոնք գողացվել էին 6 տարի առաջ:

«ՌԻԱ Նովոստին», Los Angeles Times-ին վկայակոչելով, հայտնում է, որ ամերիկացի քննիչները հայտնաբերել են 12 կտավներից 9-ը, որոնց թվում են Մարկ Շագալի եւ Դիեգո Ռիվերայի գործերը: Գողությունը կատարվել էր 2008թ. օգոստոսին՝ մասնավոր տնից:

Նկարները գտել են Լոս Անջելեսի արեւմուտքում գտնվող հյուրանոցային համարից: Դատախազության պնդմամբ՝ 45-ամյա Ռաուլ Էսպինոզան փորձել է կտավները վաճառել 700 հազար դոլարով: Նա առայժմ չի ընդունում մեղքը եւ այս պահին հսկողության տակ է:

Գողացված մյուս երեք նկարների որոնումը շարունակվում է: