Ոչ Եվրամիությունը, ոչ էլ Հայաստանը շահագրգռված չեն, որ համագործակցության դռները ամբողջությամբ փակվեն, դեկտեմբերի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում «Հայաստանի ինտեգրացիոն քաղաքականության հեռանկարները» թեմայով հետազոտական աշխատանքները ներկայացնելով հայտարարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ուսումնասիրող խմբի ղեկավար Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Նշենք, որ ուսումնասիրությունն իրականացվել է «Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի («Norwegian Institute of International Affairs – NUPI») աջակցությամբ:
Սակայն ԵՄ-ի մոտեցումը, ըստ Տեր-Մաթեւոսյանի, Հայաստանի հանդեպ դրսեւորվել է երկակի ստանդարտներով՝ հաշվի առնելով Ուկրաինայի հանդեպ ԵՄ-ի տարբերվող մոտեցումը: «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է շահագրգռված լինի նոր փաստաթղթի վերաբերյալ բանակցությունների եւ դրա ստորագրման հարցում», - նշել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Հայաստանը, հավելել է նա, պետք է ձեւակերպումներից անցնի հստակ քաղաքականության իրագործմանը:




























