ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԱԱԾ եւ մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ եւ զինվորական կոչում շնորհել ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:

Բակո Սահակյանն իր խոսքում կարեւորել է գերատեսչության դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության պաշտպանության գործում՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծումը:

Բակո Սահակյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, որտեղ ասվում է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր ծառայությունը չափազանց կարեւոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք  է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն:

Վստահ եմ, որ այսուհետ էլ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»: