Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գորխով դատախազ Կարեն Գաբրիելյանը ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի համար պահանջում է 22 տարվա ազատազրկում, իսկ Դիլհամ Ասկերովի համար ցմահ:
Ինչպես տեղեկանում ենք «Արցախպրես»-ից, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական ճառով հանդես է եկել պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով ձեռքբերված իրեղեն ապացույցները, ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի ցուցմունքները, ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում առկա տեսաձայնագրությունները, դատաբժշկական հետազոտություների արդյունքները, փորձագետների եզրակացությունները, մեղադրող կողմը եզրահագնել է. ամբաստանյալները 2014 թվականի հունիսին ղարաբաղաադրբեջանական սահմանը հատել են ապօրինաբար, առանց փաստաթղթերի։ Փաստ է նաեւ, որ նրանք սահմանը հատել են հատուկ նպատակներով՝ տեղեկություւններ հավաքելու, ինչպես նաեւ տեսանկարահանումներ կատարելու համար։ Այնուհետեւ դատախազը մանրամասնորեն անդրադարձավ դատական նիստի ընթացքում արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի ցուցմունքներին։
Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան փաստի հետ կապված բոլոր ապացույցները վկայում են, որ հանցագործությունն իրագործվել է մեկ անձի կողմից, եւ որ այդ անձը եղել է Դիլհամ Ասկերովը։ Հայերի նկատմամբ ամբաստանյալ Ասկերովի տածած ազգային ատելության մասին փաստում է նաեւ այն հանգամանքը, որ սպանված պատանուն նկատի ունենալով, նա ամբաստանյալ Գուլիեւին հարցրել էր. «Ինչ է, խղճու՞մ ես հայ տղային» (ինչի մասին Գուլիեւը դատաքննության ընթացքում նշել էր իր ցուցմունքում)։
Ըստ մեղադրող կողմի` փաստ է, որ Գուլիեւը եղել է հանցախմբի երեք անդամներից մեկը։ Նա տեսանկարահանումներ չի կատարել, բայց մշտապես եղել է հանցավոր խմբի հետ։
Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկեց ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիեւին՝ 22 տարվա։



























