Իտալիայի «Հինգ աստղ» շարժումը վերջին շաբաթվա ընթացքում 50 հազար եվրո է հավաքել եվրոպական միասնական արժույթից հրաժարվելու հանրաքվեի անցկացման համար: Այս մասին շաբաթ օրն իր տեսաբլոգում հայտնել է շարժման առաջնորդ Բեպե Գրիլոն: «Նման հանրաքվե Եվրոպայում դեռ ոչ ոք չի առաջարկել, եւ մեր արդյունքը շատ լավն է»,- ասել է Գրիլոն:
Նոյեմբերի սկզբին Գրիլոն, ով պատգամավոր չի հանդիսանում, եվրոպական օրենսդիր մարմին է ներկայացրել հանրաքվեի նախագիծ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Եվրախորհրդարանում «Հինգ աստղի» պատգամավորները այսպես կոչված եվրասկեպտիկների խմբից են եւ բրիտանացի Նաջել Ֆարաժի հետ նույն խմբակցությունից: Եվրոյից հրաժարվելը շարժման կարգախոսն է, որը վերջերս սկսել է կորցնել տարածումը:
Եվրագոտուց դուրս գալու կողմնակից է Իտալիայի ընդդիմադիր մեկ այլ կուսակցություն՝ «Հյուսիսի լիգան», որը եւս ներկայացված է Եվրախորհրդարանում: Ըստ օրենսդրության՝ Իտալիայում հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է կես միլիոն ստորագրություն:




























