Քննարկվում է Հայաստանի օդանավակայաններում գործող դյութի-ֆրի խանութների աշխատանքի ռեժիմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսյանը:
Նշենք, որ Եվրասիական միության մաքսային տարածքում Հայաստանի ընդգրկվելուց հետո, հանրապետության օդանավակայաններում գործող դյութի-ֆրի խանութները կկարողանան առանց մաքսատուրքի սպասարկել միայն երրորդ երկրների չվերթների ուղեւորներին: Դեպի Ռուսաստան (հայ ուղեւորների համար հիմնական երթուղին), ինչպես նաեւ Բելառուս եւ Ղազախստան չվերթների պարագայում այդ խանութներն աշխատելու են սովորականի պես:
«Քանի որ հարցը վերաբերում է մաքսային օրենսդրությանը, մենք երկրի օդանավակայանների կառավարող ընկերություններին խորհուրդ տվեցինք այն քննարկել տնտեսական բլոկի նախարարությունների հետ»,- պարզաբանեց քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարը:



























