Բաքվում սկսվել է Աֆղանստանում եւ Պակիստանում ռազմական գործողությունների մեջ մասնակցելու համար մեղադրվող Վուգար Հուսեյնովի եւ Ռաուֆ Աբդուլլաեւի դատավարությունը։ Ադրբեջանի իրավապահ մարմինները նրանց գործողությունները որակում են որպես օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումների կամ խմբերի ստեղծում։

Ինչպես պարզել է նախաքննությունը, 2008 թ սկզբներից Վուգար Հուսեյնովը եւ Ռաուֆ Աբդուլլաեւը մասնակցել են Աֆղանստանում եւ Պակիստանում իրագործվող ռազմական գործողություններում։ Նրանք, նախաքննության համաձայն, հիշյալ երկրներում կռվել են խաղաղապահ ուժերի դեմ, որի կազմում էին նաեւ Ադրբեջանի խաղաղապահները։ Հուսեյնովն ու Աբդուլլաեւը Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել են 2009 թ հունվարին։

Նրանց մեղադրում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի հոդված 279.1 (օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումների կամ խմբերի ստեղծման, ինչպես նաեւ դրանց ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցության, հրազենով, ռազմամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով կամ ռազմական հանդերձանքով ապահովման), 318 (Ադրբեջանի հանրապետության սահմանի ապօրինի անցման) համար։