Տաջիկստանի հատուկ ծառայությունները չորս սահմանապահների ազատելու ջանքեր են գործադրում, որոնց առեւանգել են հարեւան Աֆղանստանի տարածքում գործող թալիբները:

Այս մասին տեղեկացրել են Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեից:

Տաջիկ 4 սահմանապահներին աֆղանցի թալիբներն առեւանգել են դեկտեմբերի 20-ին, սակայն այդ մասին տեղեկությունը Տաջիկստանի հատուկ ծառայությունները հրապարակել են միայն երկուշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ըստ գործակալութան զրուցակցի՝ տաջիկ չորս սահմանապահները առեւանգվել են սահամամերձ Փյանջ գետի մոտ փայտ հավաքելիս: Ըստ  աֆղանական աղբյուրների՝  ենթադրվում է, որ գերիները սահմանամերձ Իմամ Սահիբում են: Գերիներին ազատելու ուղղությամբ աֆղանական կողմի ջանքերը դեռ ապարդյուն են:

Տաջիկստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սերտ կապի մեջ են աֆղանցի գործընկերների հետ, եւ  վստահ են, որ առաջիկայում գերիները կազատվեն: Հատուկ ծառայությունների աղբյուրները հաստատել են տեղի մամուլի տեղեկությունը, որ թալիբները պատրաստ են գերիներին փոխանակել իրենց կողմնակիցների խմբի հետ, որոնք Տաջիկստանի բանտերում են: