Եվրամիություն-Հայաստան ներկա հարաբերությունների քննադատները պետք է հասկանան, որ համագործակցության բազմաթիվ դրական արդյունքներ քանակական հաշվարկի չեն ենթարկվում եւ հաճախ չեն համապատասխանում մշտական, երկարաժամկետ ազգային շահի ավանդական հասկացությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի զրույցում հայտարարեց Արեւմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք Եվրամիությունը ժամանակ չի կորցնում՝ համագործակցության հստակ ձեւեր չմշակելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցած պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ:
Փորձագետի խոսքով, Հայաստանի ու Եվրամիության՝ հստակ նախագծերի վրա հիմնված հետագա համագործակցությունն օգտակար է երկու կողմի համար էլ, քանի որ Բրյուսելում եւ Երեւանում կիսում են միեւնույն դրական հայացքները: «Առաջին հերթին, փոխադարձ շահ կա՝ արդեն իսկ համաձայնեցված հիմքով Հայաստան-ԵՄ համագործակցությունը շարունակելու համար: Գոյություն ունեցող շրջանակներն արդեն ցույց են տվել, թե Հայաստանի դեպքում գործընկերություն հասկացությունն ինչպես կարող է նպաստել անցմանը դեպի ժողովրդավարություն, շուկայական տնտեսության ստեղծմանը եւ, ընդհանուր առմամբ, սատարել ընդհանուր արժեքների ոլորտներում համագործակցությանը»,- ասաց Վալցենբախը:
Երկրորդ, ըստ նրա, Հայաստանի կառավարության կողմից «լավ կառավարման օրակարգի» ընդունումը վկայում է համագործակցության տարատեսակ ձեւերի մասին: «Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության պահպանման համար ոչ միշտ է ֆորմալ համաձայնություն պահանջվում, բայց կարող է այլընտրանքային կերպով հիմնվել ներքին չափանիշների, լավագույն պրակտիկայի եւ երկկողմ համաձայնությունների վրա: Երրորդ, երկու գործընկերներն էլ ավելի շատ հստակության կարիք ունեն այն առնչությամբ, թե ինչ նպատակների են ցանկանում հասնել համակարգված գործողությունների միջոցով»,- ամփոփեց բրիտանացի փորձագետը:




























