Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեկտեմբերի 22-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին եւ Եվրասիական միության բարձրագույն խորհրդի նստաշրջանին:

Այցի շրջանակում նաեւ ծրագրված է Ղազախստանի ղեկավարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ասված է երկրի ղեկավարի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նույն օրը Նազարբաեւն ավարտել է Ուկրաինա կատարած աշխատանքային այցը, որտեղ բանակցել է այդ երկրի ղեկավարության հետ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ Ղազախստանի նախագահը Պուտինի հետ դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիպմանը քննարկելու է երկկողմ համագործակցությանը եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը: