Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցելություն է կատարել Լեհաստանի Կատովիցե քաղաք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտաքին գործերի նախարարությունից:

Դեսպանը մասնակցել է Կատովիցեում բացված Եվրոպայի ամենախոշոր համերգասրահներից մեկում Լեհաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Համերգից հետո դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել Կատովիցեի քաղաքապետ Մարցին Կրուպայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կատովիցեի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, ինչը քաղաքապետի կողմից ընդունվել է ոգևորությամբ:

Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպել է Լյուդվիգ վան Բեթհովենի փառատոնի հիմնադրամի գլխավոր տնօրեն Էլիզբիետա Պենդերեցկայի հետ, որի ընթացքում քննարկվել են 2015թ. ընթացքում կայանալիք փառատոնին հայ մշակութային գործիչների մասնակցության, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև մշակութային համագործակցության հարցեր: