Վանաձորում մայիսի 31-ին դաժանի ծեծի ենթարկված՝ «Վանաձոր» առողջարանի պահակ, 58-ամյա Լյովա Բուլղադարյանի գործով դատավարությունն անընդհատ հետաձգվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի կինը՝ Նվարդ Բուլղադարյանը:
«Արդեն 3-րդ դատն են հետաձգում, այս անգամ էլ պատճառաբանում են, որ դատավորն արձակուրդի մեջ է, բայց հաշվի չեն առնում, որ ամուսինս հիվանդ է: Դատավարության ավարտին ենք սպասում, որ տանենք Երեւան՝ բուժման: Մեզ միայն նյութական փոխհատուցում է հարկավոր, որ բուժենք ամուսնուս, որը ծեծից հետո հաշմանդամ է դարձել»,- ասաց տիկին Նվարդը:
Նա բողոքեց, որ ամեն անգամ դժվարությամբ քայլող ամուսնուն մի կերպ բերում են դատարան ու ամեն անգամ նիստը հետաձգվում է:
Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 13-ին:
Նշենք, որ գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Բենիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արնաշաղախ պահակին առավոտյան 06։30-ի սահմանում նկատել է առողջարանի տարածքում վազող մի աղջիկ եւ ահազանգել ոստիկանություն։ Լյովա Բուլղադարյանը մի քանի ժամ մնացել էր պահակակետի մոտ գետնին ընկած, նա մեծ քանակությամբ արյուն էր կորցրել։ Գործով կալանավորվել է 24-ամյա Բենիկ Սամվելի Ալեքսանյանը:



























