«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը դեկտեմբերի 23-ին նորից տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ գործարարի անձնական բժիշկ Հենրի Բակունցը:

«Լեւոն Հայրապետյանի վիճակն այնքան էլ լավ չէ, գանգատվում է առողջական վիճակից: Գիտեք, որ սրտի, ճնշման հետ կապված խնդիրներ ունի, ինչպես նաեւ քաղցկեղ ու շաքարախտ, հետեւաբար, նման հիվանդներին ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը ոչինչ չեն»,- ասաց նա:

Բակունցի խոսքով՝ Հայրապետյանի ներկայիս վիճակը ոչ մի կապ չունի դեկտեմբերի 9-ի վիրահատության հետ: Բժիշկը հայտնեց, որ վիրահատությունը շատ լավ է անցել, հետվիրահատական որեւէ խնդիր չկա:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Մոկսվայի դատարանը երկարացրեց Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչեւ 2015թ.-ի ապրիլը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։