Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալ 44-ամյա Մանվել Վարդանյանին 2015թ հունվարի 27-ից կտեղափոխեն «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդի փաստաբանը՝ Լիանա Բալյանը:
Նա նշեց, որ բավարարվել է իր՝ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ նշանակելու մասին միջնորդությունները, դրանց միջոցով կպարզվի, թե Մ. Վարդանյանը գտնվելով շոկային վիճակում կարող էր տալ նմանատիպ ցուցմունք և գրել, որ խախտել է է հ /հ ճեկի-ի 96 կետի, ձև N 1-ի 2 կետի 5 ճանապարհային նշանի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը , թե ոչ: Փաստաբանը ստացել է պատասխան, ըստ որի՝ նշանակվել է դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, Մանվել Վարդանյանին հունվարի 27-ին 24 օրով ժամկետով կտեղափոխեն «Նուբարաշենի» հոգեբուժական հիվանդանոց:
Փաստաբանի մյուս միջնորդությունը, որը վերաբերում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն, եւս բավարարվել է, կստուգեն Մանվել Վարդանյանի մարմնի եւ գլխի վնասվածքները: Դրանից բացի՝ գործով քննիչը դատարան միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վարորդի կալանքի ժամկետը մինչեւ մարտի 10-ը երկարացնելու համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:



























