Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալների համաձայն, նոյեմբերին ներմուծման լուրջ անկում է գրանցվել. տարեկան կտրվածքով՝ 11.8%: Այդ ամսվա առավել մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի դեկտեմբերի վերջին, այդ պատճառով դիտարկենք ավելի վաղ ժամանակաշրջանի տվյալները:

Հունվար-հոկտեմբերի տվյալներով, 4.5%-ով կրճատվել է «հանքային ապրանքների» ներմուծման ծավալը: Նշենք, որ այս ապրանքախումբը, չնայած անկմանը, ամեն դեպքում, Հայաստանի ներմուծման ընդհանուր ծավալներում զգալի մասնաբաժին է ունեցել՝ 18.4% (մեկ տարի առաջ՝ 25.7%):

Հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ ռուսական բնական գազի մատակարարումների ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է գրեթե 94 մլն խորանարդ մետրով (կամ 6.7%-ով): Հայտնի է, որ ռուսական կողմն ավանսով չեղյալ է հայտարարել Հայաստան բնական գազի մատակարարումների 30%-անոց մաքսատուրքը:

Արդյունքում, այդ էներգակրի միջին մաքսային արժեքը մեկ տարվա ընթացքում 260 դոլարից նվազել է մինչեւ 207 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց (կամ ավելի քան 20%-ով): Այդ պատճառով, Հայաստան ներմուծվող ռուսական գազի ընդհանուր մաքսային արժեքը կրճատվել է 56.7 մլն դոլարով (կամ 13.5%-ով): Դա  Հայաստան ներմուծման ծավալների աճի տեմպերի՝ 1.7%-ով համեմատական նվազման պատճառ է դարձել:

Ռուսաստանը գործող գինը (189 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց) սահմանել է՝ իր տնտեսության համար համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանում: Դրա հետ կապված շատերը չեն բացառում, որ Ռուսաստանը կարող է նկատելիորեն ավելացնել Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը: Հասկանալի է, որ այդ էներգակրի թանկացումը բառացիորեն աղետալի հետեւանքներ կունենա մեր երկրի համար: Ի գիտություն. Ռուսաստանի բնական գազի արտահանման ծավալներում Հայաստանի մասնաբաժինն անցյալ տարի չի հասել 1%-ի: