Ֆիոլետովո գյուղի բնակիչները Հայաստանի բնապահպանության նախարարությանը նամակ են ուղարկել գյուղից ոչ հեռու գտնվող ոսկու հանքի մասին: Երեւան ժամանած գյուղի բնակիչները հայտարարել են, որ դեմ են ոսկու հանքի շահագործմանը:

Այդ հարցով նախարարությունում անցկացվելիք լսումներին Ֆիոլետովոյի վարչակազմը չի կարողացել մասնակցել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գուղապետ Ալեքսեյ Նովիկովը պարզաբանեց, որ նախօրեին ժամանել են Ռուսաստանի դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության եւ Հայաստանում գործող ռուսական խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք օգնել են զարդարել գյուղի դպրոցի Ամանորյա տոնածառն ու երեխաներին նվերներ են բերել:

Նա նաեւ հավելեց, որ գյուղում երկու լսումներ են անցկացվել: Հարցին, ինչպե՞ս են գյուղացիները վերաբերվում նոր աշխատատեղերի հնարավորությանը, գյուղապետը պատասխանեց. «Ոչ մի կերպ: Բոլորը դեմ են: Հանքը գյուղից հեռու չէ, անմիջապես ծայրին: Երեկ ես նախագծի մասին պատմեցի Իվան Կիրիլովիչին (ՌԴ դեսպան Վոլինկինին - խմբ.), ցույց տվեցի տեղանքը: Նա խոստացավ ուշադիր հետեւել իրադարձություններին»:

«Ռեյդ Գրեդմեթ» ընկերությունը, որը ծրագրում է շահագործել հանքը, արդեն գյուղի ղեկավարությանն է ներկայացրել ծրագիրը: Հանքը համեմատաբար փոքր է. ենթակա է 6-7 տարվա շահագործման՝ 30 աշխատատեղով: «Բայց հանքը գյուղից 200-300 մետր հեռավորությամբ է, եւ եթե այնտեղ սկսեն փորել… Դրա համար էլ ոչ ոք չի ուզում»,- հավելեց Նովիկովը: