Թուրքիան պետք է իր աշխարհագրական դիրքն օգտագործի էներգապաշարների տարանցումից առավելագույն օգուտ քաղելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

 «Մենք էներգիայի աղբյուրներ չունենք, փոխարենը էներգետիկ ուղիների խաչմերուկում ենք եւ կարող ենք օգուտ քաղել էներգապաշարների տարանցումից։
Այնպես, ինչպես բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, Թուրքիան էլ պետք է դառնա էներգիայի աղբյուրների մատակարարման բոլոր ուղիների հատման կետ», — Մակեդոնիայի մայրաքաղաքում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Դավութօղլուն, փոխանցում է TRT-ն։

Այն երկրների թվում, որտեղից Թուրքիան կարող է էներգապաշարներ ստանալ, Դավութօղլուն մատնանշել է Ռուսաստանը, որի հետ հարաբերությունները, ըստ նրա, այժմ զարգանում են եւ «վերջին 500 տարվա մեջ լավագույն ժամանակներն են ապրում»։

«ԵՄ-ի հետ մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ չեն ենթադրում։ Ուկրաինայի  ճգնաժամի հետ կապված՝ գազի այլ ուղիների որոնման անհրաժեշտություն է ծագում, եւ մենք այժմ դիտարկում ենք այդ հարցով Ռուսաստանի առաջարկները։ Թուրքիան իր աշխարհագրական դիրքով կարող է ապահովել էներգապաշարումների առաքումն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կա», — Դավութօղլուի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»