«Մենք անընդունելի պետք է համարենք պատմական Տիգրանակերտի հանձնումը օտարին»,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը: «Մենք ինքներս պետք է անընդունելի համարենք դա, հետո նոր այդ գաղափարով դիմենք ուրիշներին»,-նշեց Պետրոսյանը՝ հավելելով. «Ջուղայի խաչքարերը այդպես եղան նաեւ մեր մեղքով, որովհետեւ մենք այսօր չունենք մի գիրք, որն աշխարհին ներկայացնի Ջուղայի խաչքարային մշակույթը: Այսօր նույնը տեղի է ունենում Առինջի խաչքարերի հետ, որը Երեւանին կպած է եւ որտեղ ադրբեջանցիներ չկան: Այսինքն, մենք խնդիր ունենք մեզ հետ, այդ խնդիրը չենք լուծում, եւ քանի դեռ դա չլուծվի, մեր մշակույթը մեզ օգտակար չի լինելու: Մշակույթը սուրբ դրոշ չի, որ հանենք ֆռռացնենք, ուրիշներին վախեցնենք ու տեղը դնենք»: Պատմական գիտությունների դոկտորի խոսքով՝ Ադրբեջանն այսօր ակտիվորեն զբաղվում է իր մշակութային արժեքների քարոզով, սակայն Հայաստանը այդ ուղղությամբ ոչ մի ջանք չի գործադրում:
«Այսօր Ադրբեջանը հասել է նրան, որ ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում երեք ադրբեջանական ֆենոմեն է գրանցված՝ ադրբեջանական մուղամը, աշուղական երաժշտությունը եւ նովրուզը: Հայաստանը փոխարենն ունի միայն դուդուկը: Ես հարց եմ տալիս, եթե կարեւոր չեն, ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան գումարներ ծախսում, որպեսզի համաշխարհային մշակութային ցուցակներում ադրբեջանական մշակութային ժառանգության համալիրներն այդքան տեղ գտնեն: Հայերը երեւի մտածում են՝ դրանից ի՞նչ օգուտ: Մինչդեռ, այսօր թե՛ ՄԱԿ-ը, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջնային գաղափար են համարում մշակույթների բազմազանությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- ասաց հնագետը:
Հիշեցնենք, որ 2005թ. դեկտեմբերին Նախիջեւանում Ադրբեջանի զինվորական կազմավորումները ծանր մուրճերով կտոր-կտոր արեցին Ջուղայի խաչքարերի վերջին բեկորները եւ մեքենաներով տեղափոխելով թափեցին Արաքս գետը: Այս ոճրագործությունը, որը պարսկական ափից նկարահանվել էր, սփռվել է ողջ աշխարհով մեկ, դատապարտվել միջազգային հանրության կողմից:




























