Ռուսաստանը համամիտ է Արեւմուտքի դիրքորոշմանը, թե Ուկրաինային անհրաժեշտ է օգնել տնտեսապես, այդ թվում՝ դոնորական կոնֆերանսի անցկացման եղանակով, սակայն իրական աջակցություն առայժմ միայն Ռուսաստանի կողմից է տրամադրվում։ Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Վերջին տարիներին Ուկրաինային մոտ 33-34 մլրդ դոլար է հատկացվել սուբսիդիաների եւ արտոնությունների տեսքով։ Մենք արդեն շատ բան ենք արել, հերթն Արեւմուտքինն է, որը, ըստ իս, դեռ չի գիտակցել, որ արդեն անպարկեշտ է այդքան ձգձգել որոշման կայացումը, որը Ուկրաինային թույլ կտա հարաբերականորեն հանգիստ ձմեռ անցկացնել», - ասել է Լավրովը։
«Եթե մեր արեւմտյան գործընկերները, որոնք ակտիվ կերպով աջակցեցին դեպքերին, որ կատարվեցին փետրվարին Ուկրաինայում, ըստ էության՝ պետական հեղաշրջմանը, մեզ վստահեցնում են, որ պետք է միավորել ջանքերը, ապա սիրով հրավիրում ենք: Պարզապես, Ուկրաինայի կողմից տնտեսական բարդագույն խնդիրները լուծելուն ի նպաստ ջանքեր առայժմ գործադրում ենք միայն մենք», - նշել է Լավրովը:
«Արեւմուտքը դեռ ոչինչ չի ձեռնարկել՝ աննշան սուբսիդավորումներից, դրամաշնորհներից եւ վարկերից, եւ պարզապես արտահանման երաշխիքներից բացի: Այսպիսով, «գնդակն» իրենց դաշտում է, եւ այդ «գնդակը» մեծ է», - եզրափակել է Լավրովը:




























