Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Մինսկում շփման խմբի հանդիպումների հերթական փուլը արդյունք կտա՝ հակամարտության շփման գծից ծանր սպառազինությունը հետ քաշելու եւ գերիներին «բոլորը բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու առումով: Այս մասին նա նշել է «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:

Լավրովի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է բաց սահմանադրական բարեփոխումներ՝ բոլոր տարածաշրջանների եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ:

«Մենք զգում ենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավատարիմ է մինսկյան պայմանավորվածություններին եւ ցանկանում է հասնել դրանց իրականացմանը»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ պայմանավորվածությունները պրակտիկ գործողություններ դարձնելը հեշտ գործընթաց չէ:

Անդրադառնալով Ուկրաինայի պետական կառուցվածքին, Լավրովը նշել է. «Մենք բացարձակապես Ուկրաինայի վզին չենք փաթաթում ինչ-որ կոնկրետ տերմին՝ լինի դաշնություն կամ ապակենտրոնացում, անգլերենում դրանք բազմաթիվ հոմանիշներ ւնեն»:

«Պետք է նստել ու պայմանավորվել, թե ինչպես են դրվելու լեզվի, մշակույթի, պատմության հարցերը, ինչպես են բաշխվելու հարկերը, ընտրվելու տարածաշրջանների ղեկավարները, ինչ հարաբերություններ են ունենալու կենտրոնի հետ, ի վերջո, ինչ տոներ են նշելու»,-ընդգծել է Լավրովն ու հավելել. «Անհնար է պատկերացնել, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում նշեն Շուխեւիչի եւ Բանդերայի ծննդյան օրերը: Հիմա մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի արեւմուտքում մայիսի 9-ը չեն դիտարկում այնպես եւ այն պատմական գույներով, որին սովոր ենք մենք եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակչության մեծ մասը»: