Երուսաղեմի լատինական պատրիարք Ֆուադ Թուալը կաթոլիկների սուրբծննդյան գիշերը Պաղեստինի Բեթղեհեմից Գազայի հատվածի շուտափույթ վերականգնման եւ Հիսուս Քրիստոսի հայրենի քաղաքի շուրջ իսրայելյան պատի կառուցումը դադարեցնելու կոչ է արել:

Կեսգիշերային պատարագի ընթացքում Թուալը հիշել է ավարտվող տարվա դեպքերը:

«Ամենավատն այն է, որ բոլոր զոհերը իզուր էին եւ հիմնախնդրի լուծմանը ոչ մի բանով չնպաստեցին: Իսրայելցիները շարունակում են ապրել վախի եւ անապահովության մթնոլորտում, պաղեստինցիները շարունակում են անկախություն եւ ազատություն պահանջել, իսկ Գազան երրորդ անգամ է վերականգնման սպասում», — ասել է պատրիարքը:

«Այս պատերազմը խորացրեց երկու ժողովուրդների միջեւ ատելությունն ու անվստահությունը եւ նրանց ներքաշեց բռնության եւ ճնշումների արատավոր օղակ», — պատրիարքի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Գազայի հատվածի վերականգնման կոչից հետո Թուալը դիմել է իրավասու քաղաքական իշխանություններին՝ Բեթղեհեմի հարավում իսրայելյան պատի կառուցումը դադարեցնելու խնդրանքով, որը, ըստ նրա, քրիստոնյա 58 ընտանիքների կզրկի իրենց հողերից:

Բեթղեհեմում հավաքվել են հազարավոր ուխտավորներ եւ զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից: Տոնի օրերին իսրայելյան իշխանությունները հեշտացրել են քաղաք մուտք գործելը՝ մասնավորապես Գազայից այնտեղ թողնելով 700 քրիստոնյաների: